Microsoft-ը 7,17 միլիարդ դոլարով Nokia-ից գնում է բջջային հեռախոսների բիզնեսը

Ամերիկյան Microsoft ընկերությունը ֆիննական Nokia ընկերությունից գնում է սարքերի արտադրման եւ  ծառայությունների մշակման բիզնեսը: Գործարքի գումարը կկազմի 7,17 միլիարդ դոլար:

Գործարքն ընդգրկում է բջջային հեռախոսների արտադրության եւ ընկերության պատենտների իրավունքների օգտագործման ձեռքբերումը, հայտնում է gazeta.ru -ն` վկայակոչելով The New York Times-ը:

Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2014թ. առաջին եռամսյակում, պայմանով, որ այն հավանություն կստանա Nokia-ի բաժնետերերի եւ կարգավորող մարմինների կողմից, հաղորդում է polit.ru-ն` վկայակոչելով  Reuters-ը:

Բջջային բիզնեսը վաճառելուց հետո Nokia-ն մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել  բիզնեսի այլ ուղղությունների վրա, մասնավորապես` քարտեզների եւ նավիգացիոն համակարգերի ստեղծման, հայտնում է rbc-ն: Nokia-ն Microsoft-ի հետ համագործակցել է 2011թ.` որպես  բջջային օպերացիոն համակարգ օգտագործելով  Windows Mobile-ը:

Բջջային հեռախոսների շուկայում երբեմնի առաջատար ֆիննական ընկերությունը վերջին տարիներին ճգնաժամ էր ապրում` պարտվելով  Samsung-ին եւ  Apple-ին: 2013թ. երկրորդ քառորդում  Nokia հեռախոսների վաճառքն անկում էր ապրել: