Google ընկերությունը գնեց իսրայելյան նավիգացիոն Waze ծառայությունը

Google ընկերությունը գնել է իսրայելյան Waze նավիգացիոն ծառայությունը, հաղորդվում է Google-ի պաշտոնական բլոգում:

 

Waze-ի ծրագրավորողները կշարունակեն աշխատել Իսրայելում, իսկ ծառայությունը կմնա որպես անկախ արտադրանք: Դրա հետ միաժամանակ ծառայության որոշ գործառույթներ  կօգտագործվեն Google Maps-ի քարտեզագրական ծառայությունում: Փոխարենը Waze-ը կստանա  Google-ի որոնողական գործառույթներին հասանելիություն:

Google-ը գործարքի ֆինանսական մանրամասները չի բացահայտում:  Ավելի վաղ Bloomberg  գործակալությունը հայտնել էր, որ Waze-ը կարժենա մոտ  1,1 միլիարդ դոլար: Իսրայելի  Globes հրատարակությունը գործարքը գնահատել է 1,3 միլիարդ դոլար:  
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ  Facebook սոցցանցը եւ Apple ընկերությունը նույնպես հավակնում էին իսրայելական  ծառայությունը գնելուն:

Waze-ը բջջային նավիգացիոն ծառայություն է, որտեղ տեղեկատվությունը համալրում են հենց օգտվողները գրում է lenta.ru-ն:  Նրանք մասնավորապես նշում են տարբեր վայրեր  մեկնելու ուղիները եւ ճանապարհի վրա ծախսված ժամանակը: Ծառայությունը թողարկվել էր 2008թ., իսկ ներկայումս ունի ավելի քան 50 միլիոն օգտվող: