«Գոլդ» համարանիշները կշատանան եւ կթանկանան

Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշերի սերիայում օգտագործվող տառերի քանակը ավելացնել եւս երեքով։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Մասնավորապես, ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշներում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U եւ V տառերը: Դրանց կավելանան նաեւ C, F եւ Z տառերը։

Որոշումը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վաղը ներկայացվելու է կառավարության հաստատմանը։

Ինչո՞ւ են ավելացվում լրացուցիչ տառերը։ Որովհետեւ այդպես հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել «գոլդ» համարանիշների տարբերակների քանակը եւ հետեւաբար՝ ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել դրանց վաճառքից։ Ի դեպ, Ոստիկանությունը չի էլ թաքցնում այս նորամուծության պատճառը։ «Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են»,- նշվում է հիմնավորման մեջ եւ ավելացվում, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Սակայն սա դեռ ամենը չէ։ Թանկանալու են նաեւ «սուպերգոլդ» համարանիշերը...»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):