Սելիմի լեռնանցքը շուտ չի բացվի բեռնատար մեքենաների համար

Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին (Սելիմի լեռնանցք) իրականացվող վերանորոգման աշխատանքները շուտ չեն ավարտվի:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) Մ10 միջպետական ճանապարհի 112-րդ կիլոմետրում՝ Քարագլուխ գյուղի մոտ, գարնանային անձրեւների հետեւանքով փլվել է ճանապարհի բարձր լիցքի մի մասը, ինչի արդյունքում ճանապարհը դժվարանցանելի է, երթեւեկությունը՝ սահմանափակված։ Ճանապարհահատվածը երկկողմանի երթեւեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Ծանր բեռնատարների երթեւեկությունն արգելված է, քանի որ դրանց երթեւեկելու դեպքում՝ ճանապարհի հետագա փլուզման վտանգ կա։ Վթարված հատվածում կատարվել են հետազոտական աշխատանքներ, որոշվել է ճանապարհի վթարայնության աստիճանը, իրականացվել են նախագծային աշխատանքներ, ճշտվել է ճանապարհահատվածի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ճանապարհահատվածի վերականագնման անհրաժեշտ ֆինանսավորման համար դիմել է ՀՀ կառավարությանը եւ 2013թ. ՀՀ պետբյուջեով նախարարությանը հատկացված գումարների սահմաններում՝ կիրականացնի ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Առաջիկա օրերին, սահմանված կարգով, շինարարի ընտրության մրցույթ կհայտարարվի։ Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝ նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը , որպեսզի մրցութային ժամկետը հնարավորինս կրճատվի, եւ գործընթացն արագացված ընթացակարգով իրականացվի։ Շինարարի ընտրությունից հետո՝ Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար կպահանջվի առնվազն15-20 օր։