Հայաստանցիները սկսել են ավելի շատ բանկային քարտեր օգտագործել

 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 21 առեւտրային բանկերից 19-ը 2013 թ. մարտի վերջի դրությամբ տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր:

Այդ մասին նշված է 2013 թ. ՀՀ կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերում: Ընդ որում՝ 19 առեւտրային բանկերն էլ անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին: Քարտերի սպասարկման նպատակով 2013 թ. առաջին եռամսյակում տեղադրվել են 12 նոր ավտոմատ գանձման մեքենաներ: Դրանց թիվը 2013 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել 1182: Առեւտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը եռամսյակի ընթացքում ավելացել է 9-ով եւ կազմել 6683: Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.4 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 5%-ով: Մասնավորապես՝ «ԱրՔա» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 5%-ով եւ կազմել 518 հազար քարտ: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 5%-ով եւ կազմել 873 հազար քարտ: Այդ թվում՝ VISA քարտերն ավելացել են 4%-ով եւ կազմել 543 հազար քարտ, իսկ MasterCard քարտերը՝ 7%-ով եւ կազմել 283 հազար: