Սարուխանում սգո արարողության ժամանակ տան պատշգամբը փլվել է. կա 10 վիրավոր

Այսօր`  հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխանի բնակիչները հավաքվել էին մասնակցելու համագյուղացու «մահվան 7 օրի» արարողությանը, սակայն տան պատշգամբը փլուզվել է եւ 10 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին ասաց Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը:

Գյուղապետի ներկայացմամբ՝ պատշգամբում գտնվողներն ընկել են ներքեւում կրակի վրա եռացող քուֆթայով լի կաթսայի վրա: Կաթսան շրջվել է եւ եռացող ջուրը լցվել է նրանց վրա:

Նրանք բոլորը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Գյուղապետը նշեց, որ երկուսը արդեն դուրս են գրվել, այժմ հիվանդանոցում գտնվում է 8 հոգի:

Վահան Գեւորգյանն ասաց, որ լուրջ բան չկա, կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չկա, հիմնականում կոտրվածքներ եւ այրվածքներ են ստացել: Տուժողները սարուխանցի կանայք են` 30-60 տարեկան: