Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնում նոր դրոշմապիտակներ եւ նոր սերնդի ՀԴՄ-ներ

Ինչպես հայտնի է 2012թ.-ի տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղություններից մեկը հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործումն է:

Եվ այդ նպատակով օրենսդրությունը նախատեսել է երկու կարեւոր վարչարարական գործիք, որոնք կիրառության մեջ են դրվելու 2013-ի հուլիսի 1-ից: Առաջինը, նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն է տարեկան 500 միլիոն դրամ  եւ ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար: Երկրորդ վարչարարական գործիքով ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչեւ 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. «Վարչարարական 2 գործիքների ներմուծումը շրջադարձային քայլ է հարկային վարչարարության առումով, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հարկման դաշտ բերել հնարավոր թերհայտարարագրվող շրջանառությունները առանց հարկային մարմնի կողմից բիզնեսի գործունեությանը որեւէ միջամտություն ցուցաբերելու: Մասնավորապես, եթե խոսում ենք նոր սերնդի ՀԴՄ-ների մասին, ապա դրանք բացառելու են ծրագրային միջամտությունները եւ այդ կերպ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու հնարավորությունները, իսկ մյուս կողմից դրանք նախատեսում են հարկ վճարողների համար բացառիկ հարմարավետություն, մասնավորապես նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը հարկ վճարողների համար կրճատելու է 12 հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՀԴՄ-ն ավտոմատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, եւ այս քայլն իր դրական ազդեցությունը կունենա հանրապետության բիզնես միջավայրի բարելավման վրա»:

Մանրածախ ցանցում գտնվող ապրանքատեսակների համար օրենսդրությունը եւս 6 ամիս ժամանակահատված է նախատեսել, որպեսզի առկա մնացորդներն իրացվեն: 2014-ի հունվարի 1-ից ինչպես արտադրության, այնպես էլ իրացման փուլում կունենանք բացառապես պիատակավորված ապրանքատեսակներ: ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրել է, որ այս երկու միջոցառումներն իրենց արդյունավետությունը կցուցաբերեն տարվա երկրորդ կիսամյակում, ինչը նկատելի կլինի նաեւ վճարված հարկերի տեսքով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման առումով մեծապես կարեւորել է երկու նոր գործիքների կիրառումը ստվերային շրջանառությունները հարկման դաշտ բերելու տեսանկյունից: «Միջազգային առաջավոր փորձից ելնելով մենք անցումային լուրջ քայլ ենք կատարում ստվերային շրջանառությունները համապատասխան ապրանքատեսակների գծով կրճատելու ուղղությամբ: Այդ ապրանքատեսակների հսկողության, հաշվառման հաջողությունը հնարավորություն կտա առաջիկայում դաշտն ընդլայնել եւ նոր ապրանքատեսակներ ընդգրկել»: Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտ քանակությամբ դրոշմապիտակներ արդեն տպագրվել են եւ գտնվում են ՊԵԿ-ի տրամադրության տակ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն իրականում mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաեւ քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու եւ ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու եւ այլ հնարավորություններով: Միքայել Փաշայանն անդրադարձել է եւս մեկ նորույթի. ՀԴՄ-ները շահումներն իրականացնելու են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների մասին հաճելի լուրն ստանալ անմիջապես գնում կատարելուց հետո: