Հայաստանից Ռուսաստան են սկսել արտահանել նոր կարտոֆիլ

«Սպայկան» սկսել է Հայաստանից Ռուսաստան արտահանել նոր կարտոֆիլ:

Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողներին է հայտնել ընկերության զարգացման նախագծերի մենեջեր Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով` տարեսկզբից Հայաստանից արտահանվել է արդեն 3 հազար տոննա կարտոֆիլ: Ֆերմերներից նոր կարտոֆիլի մեկ կիլոգրամը գնում են 120-130 դրամով, հինը` 60-80:

 «Հայաստանից հիմնականում արտահանում ենք ծիրան եւ խաղող: Սակայն մենք անընդհատ փորձում ենք արտահանել նոր մթերքներ»,-ընդգծել է Բաղդասարյանը: Այժմ ընկերությունը համագործակցության ծրագիր է մշակում Շիրակի մարզի ֆերմերների հետ` կապված կարտոֆիլի, բազուկի, գազարի աճեցման հետ:

«Ժամանակին սկսել ենք արտահանել կաղամբ, հետո` «դամսկիե պալչիկի» կոչվող խաղող, որը նախկինում չի արտահանվել, այժմ` առանձնանում է արտահանվող խաղողի տեսակների ցանկում: Մենք հետագայում եւս փորձելու ենք ավելացնել արտահանվող ապրանքների բազան»,-եզրափակել է Բաղդասարյանը:

«Սպայկա» ԲԲԸ-ն Հայաստանից Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ է արտահանում է թարմ մրգեր եւ բանջարեղեն: