ՀԾԿՀ-ն հաստատել է գազի նոր սակագները. իսկ դրսում բողոքի ակցիա է ընթանում

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն, հունիսի 7-ին, իր նիստում հաստատել է գազի նոր սակագները:

Ըստ այդմ, ամսական մինչեւ 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը կլինի 156 դրամի՝ մեկ խմ-ի համար (մինչ այդ սակագինը 132 դրամ էր): Այսինքն գազի սակագինը բարձրանում է մոտ 18 տոկոսով:

Իսկ խոշոր գազասպառողների համար գազը կթանկանա 14%-ով, հասնելով 276,98 դոլարի՝ 1000 խմ-ի համար:

Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ գազի սակագնի բարձրացումը գազալցակայաններում գազի գնի վրա կունենա 5 տոկոսի ազդեցություն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Նրանք եւս ցանկություն են հայտնել մասնակցել ՀԾԿՀ նիստին, սակայն նրանց թույլ չեն տվել: Ակտիվիստների ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «ՀայՌուսգազարդ+ՀՀԿ=գենոցիդ», «Ապահով Հայաստանում գազ եք թանկացնո՞ւմ», «ՀԾԿՀ- հանցագործ ապազգային կառույց»: Ակտիվիստները վանկարկում են «Հայռուսգազարդը» ուռա, բարձրացրեք գազի սակագինը, բոլորս դեպի արտասահման, ուռա»:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ գազի թանկացումը լրջորեն կխթանի արտագաղթը:

Ակտիվիստները շարժվել են դեպի նախագահի նստավայր եւ անցորդներին կոչ են անում միանալ բողոքի ակցիային: