«Զվարթնոց» օդանավակայանի տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա. «Ռոսգոսստրախ Արմենիա»

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել կապված «Զվարթնոց» օդանավակայանի տանիքի պոկվելու եւ մոտ 30 մեքենաներ վնասելու փաստի առթիվ:

 

Հաղորդագրությունում ասվում է.

«Հունիսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը հայտնել են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քամին պոկել է մասնաշենքերից մեկի տանիքի մի հատված, որը ընկնելով դիմացը գտնվող կայանատեղի վրա վնասել է այնտեղ կայանված տրանսպորտային միջոցները:

«Զվարթնոց» օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ուստի հայտերի կարգավորման կենտրոնի աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր: Ապահովագրական ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաեւ անկախ փորձագետներ, որոնք անմիջապես սկսել են իրականացնել պատահարի պատճառների բացահայտման եւ դրա արդյունքում հասցված վնասի չափի գնահատման աշխատանքներ: Ներկայումս փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Փորձաքննության եզրակացության հիման վրա կպարզվի իրադարձության ապահովագրական պատահար լինելը եւ հատուցվող վնասի չափը:

Ըստ տվյալ պահին առկա ճշգրտված տեղեկությունների տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա: Վիրավորներ չկան, մինչ այժմ ոչ ոք չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կոնտակտ կենտրոնը չի արձանագրել ոչ մի հայտ քաղաքացիներից ԿԱՍԿՈ պայմանագրերի գծով՝ կապված երեկ տեղի ունեցած պատահարի հետ»: