«Մալիբու» սրճարանի մոտ կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի եւ խաղողի մթերումների ու արտահանումների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների, ընթացքի եւ գյուղատնտեսական մթերքի տոնավաճառների վերաբերյալ:

1. Ընթացիկ տարվա մթերման եւ արտահանման նախապատրաստական աշխատանքներ

- Կատարվել է պտուղբանջարեղենի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի՝ 2013 թվականի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 59443.0 տոննա բանջարեղեն, որից՝ 52224.0 տոննա լոլիկ եւ 28284.0 տոննա պտուղ, որից՝ 4386.0 տոննա խնձոր, 5508.0 տոննա դեղձ, 10789.0 տոննա ծիրան եւ 7601 տոննա այլ պտուղ: Վերամշակող ընկերությունների կողմից պտղի եւ բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 28.5 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես՝ 25.9 տոննայով լոլիկինը, 1.9 հազ. տոննայով ծիրանինը եւ 4.2 հազ. տոննայով այլ պտղինը:

- Պտուղբանջարեղենի մթերումների գործընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան գրությամբ վերամշակող ընկերություններին առաջարկվել է սկսել գյուղացիական տնտեսությունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված եւ տրամադրված պտուղբանջարեղենի մթերումների օրինակելի պայմանագրի ձեւի հիման վրա:

- Պտուղբանջարեղենի մթերման կանխատեսվող ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ մարզպետարաններին եւ նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին՝ մարզի գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու, վերջիններիս ու վերամշակող ընկերությունների միջեւ հումքի գնման պայմանագրերի կնքման գործընթացի հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Պտուղբանջարեղենի եւ խաղողի գնման պայմանագրերի կնքման գործընթաց

Ընթացքի մեջ է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի եւ խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող ընկերությունների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը:

Սույն թվականի հունիսի 4-ի դրությամբ կնքվել է 8811 պայմանգիր, որից 8580-ը՝ խաղողի եւ 231-ը՝ պտուղբանջարեղենի գնման:

Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է կանխավճար, բուժանյութեր եւ այլ օժանդակություն:

Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:

3. Մթերում

Ընթացիկ տարում սկսվել է պտուղբանջարեղենի մթերումները: Հիմնականում մթերվում է վայրաճ բանջարեղեն (շուշան, բոխի, սինդրիկ եւ այլն), խաղողի տերեւ, վարդ եւ ելակ:

2012 թվականին պտուղբանջարեղեն եւ խաղող վերամշակող 40-ական ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 215.7 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.6 մլրդ. դրամի) եւ խաղող (շուրջ 22.2 մլրդ. դրամի), այդ թվում՝ 33.6 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 26.2 հազար տոննա լոլիկ, 25.5 հազար տոննա պտուղ, որից՝ 8.8 հազար տոննա ծիրան, 6.2 հազար տոննա դեղձ եւ 156.6 հազար տոննա խաղող:

2011 թվականին մթերվել է շուրջ 194.2 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.8 մլրդ. դրամի) եւ խաղող (շուրջ 17.0 մլրդ. դրամի), այդ թվում՝ 51.0 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 44.2 հազար տոննա լոլիկ, 14.3 հազար տոննա պտուղ, որից՝ 2.8 հազար տոննա ծիրան, 1.7 հազար տոննա դեղձ եւ 128.9 հազար տոննա խաղող:

2012թ-ին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 142.1 դրամ, նախորդ տարվա 131.9 դրամի համեմատությամբ:

4. 2012թ. մթերումների դիմաց կատարվող վճարումները

Մթերող ընկերությունների մեծ մասը վճարումները կատարել են անմիջապես գնման պահին կամ մինչեւ 7-10 բանկային օրերի ընթացքում, մյուսները՝ վճարումները ավարտել են մինչեւ 2012 թվականի ավարտը:

5. Արտահանում

2013 թվականի հունիսի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 11598.7 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 2.6 տոննա ծիրան, 1327.0 տոննա խաղող, 626.0 տոննա խնձոր, 104.7 տոննա կեռաս եւ 9327.3 տոննա բանջարեղեն, 5687.6 տոննա կարտոֆիլ:

2012 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1687.5 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 847.9 տոննա խաղող, 13.6 տոննա խնձոր, 79.5 տոննա կեռաս եւ 746.1 տոննա բանջարեղեն, 24.6 տոննա կարտոֆիլ:

2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 31282.1 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 12628.7 տոննա ծիրան, 10407.1 տոննա խաղող, 1597.0 տոննա դեղձ, 1104.8 տոննա կեռաս, 469.0 տոննա սալոր:

6. Գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ

Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի եւ խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաեւ դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ:

2012 թվականի հունիսի 30-ից Երեւան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, օգոստոսի 19-ից՝ «Կենտրոն» վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում (պարփակված Տիգրան Մեծի եւ Ագաթանգեղոսի փողոցներով), իսկ տարեվերջին՝ «Մալիբու» սրճարանի տարածքում յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Տոնավաճառներին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երեւանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառներին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու եւ միաժամանակ առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել եւ հետեւողականորեն կիրառվել են մասնակցության հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառներին թույլատրվել է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստել են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառներին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվել է վերահսկողություն: Տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ եւ արտահագուստ: Տոնավաճառների տարածքում հասարակական կարգը եւ երթեւեկությունը կարգավորվել է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառների ավարտին կազմակերպվել են տարածքի մաքրման աշխատանքները:

Տոնավաճառը գյուղատնտեսական մթերքների մյուս գործող շուկաների համեմատությամբ երեւանաբնակ քաղաքացիների համար այլընտրանք է, քանի որ այնտեղ բացառված էր առեւտրային միջնորդների մասնակցությունը, իրացվում է թարմ մթերք անմիջապես արտադրողների կողմից՝ համեմատաբար մատչելի գներով: Վերջինս նպաստում էր գյուղացիական մթերքների իրացման գնաճի կանխմանը:

Հունիսի 8-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 15 հասցեում «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում, կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը: