Վերահսկիչ պալատը աղաղակող չարաշահումներ է հատնաբերել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքում

Հունիս 02, 2013

«Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:

Այդ մասին այսօր՝ հունիսի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը, տեխնիկական վերահսկողության համար պատասխանատու է ֆրանսիական «Սոֆեժ» ընկերությունը:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհաշինարարները չեն պահպանում բետոնի պահանջվող հաստությունը, բետոնի որակը ցածր է, շինարարությունն իրականացնում են տեխնիկական թերություններով, չեն ապահովում ջրահեռացումը, բավարար չեն ամրացրել կամուրջը եւ այլն:

Ըստ ՎՊ եզրակացության՝ «Սոֆեժ» ընկերությունը պատշաճ չի իրականացնում տեխնիկական վերահսկողության գծով ստանձնած պարտավորությունները:

ՎՊ ուսումնասիրությունների հիման վրա պաշտոնանկ է արվել Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը, ժամանակավորապես դադարեցրել են ամբողջ շինարարությունը, որպեսզի շերտը նորից փոխեն:

Նշենք, որ «Հյուսիս- Հարավ» տրանսպորտային միջանցքի երկարությունը 556 կմ է՝ բետոնե ծածկույթով: Աշխատանքները պետք է ավարտվեն 2017 թ.: Ասիական զարգացման բանկի հետ կնքվել է շրջանակային համաձայնագիր՝ 500 մլն դոլարի չափով: Վարկի առաջին տրանշով հատկացվել է 60 մլն դոլար (կառավարության համաֆինանսավորումը՝ 10 մլն դոլար): Այս տրանշով պետք է կառուցվեն Երեւան-Աշտարակ՝ 11.3 կմ եւ Երեւան-Արարատ՝ 38 կմ հատվածները: