Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերի վրա կանդրադառնա գազի սակագնի բարձրացումը

Մայիս 29, 2013

Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունի «Հայռուսգազարդի»` գազի սակագնի բարձրացման հայտը, իսկ սուբսիդավորման հարցը պետության կողմից չլուծվի, ապա դա միանգամայն կանխատեսելի հետեւանքներ կունենա Հայաստանի համար:

Առաջին հերթին կբարձրանա ապրանքային հացի արտադրության ինքնարժեքը: Դա էլ կհանգեցնի մանրածախ գնի բարձրացման: Երկրորդը վերգետնյա տրանսպորտի սակագների թնակացումն է, որը հիմնականում սեղմած գազ է օգտագործում: Նույն խնդիրը կառաջանա բեռանփոխադրումների ոլորտում:
«Հայռուսգազարդի» գնահատականով` ընթացիկ տարում սպառողներին կտրամադրվի ավելի քան 1,4 մլրդ խմ բնական գազ, որից 425 մլն խմ-ն հատկացվում է ավտոլցակայաններին: Վերջինը սպառման ծավալներով «գազային» բաժանորդների թվում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Առաջին տեղում բնակչությունն է` ընթացիկ տարվա համար 545 մլն խմ ցուցանիշով: Երրորդ տեղն զբաղեցնում է արդյունաբերությունը` 265,7 մլն խմ-ով: Արտադրության մեջ բնական գազ օգտագործում են ցեմենտի գործարանները. Միկա ցեմենտի եւ Արարատ ցեմենտի գազի սպառման մասնաբաժինը ընդհանուր ծավալում կազմում է ավելի քան 7%:
Այնուհետեւ հաջորդում է մետալուրգիան` 2,6%, ապակե տարաների արտադրությունը` 1,9%, ըմպելիքների արտադրությունը` 1,8%:
Այսպիսով, գազի սակագնի բարձրացումը կհարվածի ինչպես տեղական շուկայի համար աշխատող արդյունաբերության ճյուղերին, այնպես էլ կանդրադառնա արտահանվող ճյուղերի վրա: Կասկածից վեր է, որ եթե բնական գազը թանկանում է, արտահանվող ապրանքի մրցունակությունը միջազգային շուկայում նվազում է: Դրանց թվում են մետաղները, ապակե տարաները, մասնակիորեն ` ցեմենտն ու պահածոները:
Բացի այդ, ցեմենտի թանկացումը բացասաբար կանդրադառնա առանց այն էլ վերջին շրջանում անկում արձանագրող շինարարության ոլորտի վրա: