Քանի՞ գրանցված կարուսել կա Հայաստանում եւ դրանցից որո՞նք են անվտանգ

Հայաստանի տարածքում գրանցված 126 կարուսել կա, որից 83-ը` Երեւանում, իսկ մնացածը` մարզերում:

Այս մասին ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ 126 կարուսելներից 75-ը ստացել է փորձաքննության դրական եզրակացության, փորձաքննություն անցած կարուսելներից 70-ը գտնվում է Երեւանում:
«Այն կարուսելները, որոնք դեռ փորձաքննություն չեն անցել, իրենց ժամկետները դեռ ընթացքի մեջ է: Այդ կարուսելները առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կանցնեն փորձաքննություն, բոլոր կարուսելները պետք է միանշանակ անցնեն փորձաքննություն»,- ասաց նա:
Հայաստանի կարուսելների 98 տոկոսն ունի սեզոնային բնույթ, իսկ դրանց մի փոքր մասը աշխատում է ամբողջ տարին: Նոր կարուսելներ շահագործելու դիմումներ ԱԻՆ-ը այս տարի չի ստացել, բայց պատրաստվում են փորձաքննություն կատարել Մոնումենտի զբոսայգում գտնվող «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի կարուսելներից երկուսը փորձաքննություն անել:
Լուսինե Հովհաննիսյանը շեշտեց, որ կարուսելները, ինչպես բոլոր արտադրական օբյեկտները, տարեկան մեկ անգամ պետք է փորձաքննություն անցնեն, իսկ շահագործողը պետք է տեսանելի վայրում փակցնի փորձաքննությանը եզրակացությունը, եթե այն չկա, ապա ծնողը կարող է պահանջել այն շահագործողից:
Փորձագետը վստահեցնում է, որ դրական եզրակացություն ստացած բոլոր կարուսելները ապահով եւ անվտանգ են: Ի դեպ, 2011թ կարուսելների անսարքության հետ կապված դժբախտ դեպքեր չեն եղել, իսկ 2010թ մի դեպք է գրանցվել, որի ընթացքում երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ 2012թ ընդամենը մեկ դեպք է գրանցվել «Լունա Պարկում», կարուսելը գրանցված չի եղել, այն կազմահավաքման փուլում է եղել, աշխատանքների ժամանակ տուժել է փականագործ բանվորը, նա ստացել է մարմնական վնասվածքներ: