Հանրապետության տոտալ գազիֆիկացումը կախվածություն է ստեղծել այդ էներգակրից

Մայիս 22, 2013

«Հայռուսգազարդ» ՓԲԸ հայտը` գազի սակագինը բարձրացնելու մասին, հասկանալի դժգոհություն առաջացրեց ինչպես հանրության, այնպես էլ գործարարների շրջանում:

Հիշեցնենք, որ ընկերությունը պահանջում է բնակաչության համար սակագինը բարձրացնել 67,4%-ով, իսկ խոշոր սպառողների համար` 243-ից` 392 դոլար 1000 խմ դիմաց:
Իրականում ռուսական գազը վաղուց էր հասցրել թանկանալ: Եթե դիտարկենք վերջին տարիներին այս էներգակրի մաքսային գները, ապա այդ փաստն ակնհայտ է: Նախկինում մաքսային գինը 1000 խմ համար «օրինական»` 180 դոլար էր կազմում, հետո աստիճանաբար սսեց աճել եւ 2011թ-ին դարձավ 198,4 դոլար, 2012 թ-ին` արդեն 232,4 դոլար, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` մինչեւ 247,0 դոլար: Ընդ որում, որքան էլ «տարօրինակ է», Հայաստանում ռուսական գազի մանրածախ գինը չի փոխվել: Միաժամանակ, ինչպես կարելի է ենթադրել, «Հայռուսգազարդի» ֆինանսական ցուցանիշների վրա մարժայի կրճատումն առանձնապես չի անդրադարձել:
Ռուսական էներգակրի այլընտրանքի` իրանական գազի հետ կապված տարբեր կարծիքներ կան: Ոմանք կարծում են, որ գազատար խողովակի տրամագիծը (700մմ) թույլ չի տալիս ապահովել մեր երկրի պահանջարկը: Նրա հզորությունը կազմում է 1,2 մլրդ խմ, որը միջին հեռանկարում կարող է հասնել մինչեւ 2,3 մլրդ խմ-ի: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Ռուսաստանից մատակարարվել է 1,9 մլրդ խմ գազ: Սակայն, ինչպես եւ հարկ է ենթադրել, խնդիրը մեր հարավային հարեւանի գազի արժեքի հետ է կապված:

Շատերին մոլորեցնում է իրանական գազի մաքսային արժեքը` 1000 խմ-ի դիմաց 180 դոլար: Սակայն հաշվի ենք առնում այն փաստը, որ գինը մի փոքր խորհրդանշական է, քանի որ գազը մատակարարվում է բարտերով` դրանից արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց:
Պատկերավոր ասած` «մենք» ինքներս ենք մեզ մտցրել շշի մեջ` այնտեղից դուրս թողնելով «բնական գազ» կոչվող ջինին: Հանրապետության տոտալ գազիֆիկացում, մեքենաների զանգվածային «գազիֆիկացում». այս ամենը կախվածություն է ստեղծել այս էներգակրից:
Բերենք ընդամենը մեկ օրինակ. այս տարի, համաձայն «Հայռուսգազարդի» գնահատականի, ավտոլցակայաններին կմատակարարվի 425 մլն խմ գազ, ինչը 30%-ով գերազանցում է բաժանորդներին տրվող գազի ընդահանուր ծավալը: