Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերի թանկացումը սեզոնային բնույթ ուներ. «Սիբիրի» ներկայացուցիչ


Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերի թանկացումը սեզոնային բնույթ ուներ, եւ համընկավ «Արմավիա» ավիաընկերության շուկայից դուրս գալու հետ:

Այդ մասին այսօր՝ մայիսի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հայտարարեց ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերության Հայաստանում գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանը: Նրա խոսքով՝ ապրիլին միշտ էլ գնի կարճաժամկետ բարձրացում է տեղի ունենում, կապված արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի հետ: Այդ ժամանակահատվածում գնի կարճաժամկետ բարձրացում տեղի է ունենում ոչ միայն Երեւան-Մոսկվա, այլեւ Բաքու-Մոսկվա կամ Թբիլիսի-Մոսկվա չվերթներում: Այս անգամ ապրիլյան թանկացումը համընկել է «Արմավիայի» շուկայից անակնկալ դուս գալու հետ, ու առաջացել է աժիոտաժ:
Ներկայում ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությանը՝ չվերթների ավելացման նպատակով, բացի այդ՝ ներգրավվում են ավելի շատ նստատեղեր ունեցող ինքնաթիռներ (մինչեւ 250 նստատեղով): Նրա խոսքով՝ ներկայում դեպի Մոսկվա ինքնաթիռները թռչում են ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, յուրաքանչյուր ինքնաթիռում 60-100 ազատ տեղ կա: Իսկ Մոսկվայից ինքնաթիռները ժամանում են շատ փոքրաթիվ ուղեւորներով, երբեմն նույնիսկ 30 ուղեւոր է լինում հսկայական ինքնաթիռում: Ընկերությունը դեպի Մոսկվա տոմսերի զգալի մասն իրացնում է նվազագույն 89 հազ. դրամով: Ավելին՝ Երեւան-Մոսկվա տոմսերն ավելի էժան են, քան Թբիլիսի-Մոսկվա կամ Բաքու-Մոսկվա:
ՀՀ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը նշեց, որ «Արմավիայի» դուրս գալուց հետո տոմսերի թանկացում եղել է միայն 1 շաբաթվա ընթացքում, այնուհետ հայկական կողմը դիմել է ռուսական խոշոր ավիաընկերություններին գները չբարձրացնելու խնդրանքով, ու վերջիններս հարգել են այդ խնդրանքը: Ներկայում, ըստ Հ. Միրզոյանի, Երեւան-Մոսկվա տոմսերի գները նույնիսկ ավելի էժան են, քան նախորդ տարվա այս ժամանահատվածում:
Երեւան-Մոսկվա ուղղությամբ ներկայում իրականացվում է շաբաթական 49 չվերթ, օրական՝ 9: Օրական 4-ական չվերթի իրավունք տրված է «Սիբիր» եւ «Աէրոֆլոտ» ընկերություններին, մեկ չվերթ իրականացնում է «Տրանսավիան»: