Արդյոք ճանապարհային գծանշումները որակո՞վ են արվում

Ճանապարհների գծանշումը պետք է արվի այնպես, որ հնարավոր լինի հեշտ ընկալել, այնինչ դրանք հաճախ ժամանակից շուտ խամրում են եւ դառնում դժվար ընկալելի:

Կառավարության կողմից սահմանված կարգով՝ ճանապարհների գծանշումը, բացառությամբ 4-րդ կարգի ճանապարհներինը, պետք է կատարվի լուսանդրադարձիչ նյութի կիրառմամբ։ Բացի այդ՝ սահմանված են չոր վիճակում գծանշման համար պայծառության, չոր եւ թաց ծածկույթի դեպքում օրվա մութ ժամերին լուսանդրադարձման եւ չոր վիճակում ցրված լույսի կամ արհեստական լուսավորության դեպքում լուսարտացոլման գործակիցներ։
ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքներն ընդունելիս չեն ստուգվում վերը նշված պայծառության, լուսանդրադարձման եւ լուսարտացոլման գործակիցները։ Բացի այդ, որեւէ փաստաթղթով (սերտիֆիկատ, անձնագիր եւ այլն) չեն հիմնավորվել պայծառության, լուսանդրադարձելիության եւ լուսարտացոլման ապահովման հնարավորությունը։ Այսպիսով՝ հնարավոր չէ պարզել՝ արդյոք գծանշումները որակո՞վ են արված եւ համապատասխանո՞ւմ են նորմատիվներին: