Ինչպե՞ս են խաբում ասֆալտապատողները. Վերահսկիչ պալատի բացահայտումներից

Որոշ դեպքերում ասֆալտբետոնե խառնուրդն արտադրվել է առանց հանքային փոշու օգտագործմամբ, այնինչ լաբորատոր հետազոտության արձանագրությունում նշվել է, որ խառնուրդում առկա է հանքային փոշի եւ նրա քանակությունը համապատասխանում է ԳՕՍՏ-ով սահմանված քանակությանը։

Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ՝ նվիրված ՀՀ տրնսպորտի եւ կապի նախարարության կողմից ավտոճանապարհների հիմնանորոգմանը, պահպանմանն ու շահագործմանը:
Բացի այդ՝ լաբորատոր հետազոտությամբ ցույց է տրվել, որ տեղում օգտագործվել է Ա տիպի ասֆալտբետոն, այնինչ փաստացի օգտագործվել է Բ տիպի ասֆալտբետոն։
Խտացված ասֆալտբետոնյա հանուկի լաբորատոր հետազոտության արձանագրությունում ասֆալտբետոնի վերին շերտի հաստությունը ցույց է տրվել հանուկի ընդհանուր հաստությունից ավելի մեծ։
Առանձին դեպքում օբյեկտում իրականացվել էր զգալի ծավալի ասֆալտապատման աշխատանքներ՝ շուրջ 24000քմ, սակայն որեւէ լաբորատորիայի հետ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու պայմանագիր կնքված չէր եւ պահանջվող լաբորատոր հետազոտությունից ոչ մեկը չէր կատարվել։
Այսպիսով, ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության, այս ոլորտում լաբորատոր հետազոտությունները լիարժեք չեն, եւ միշտ չէ, որ արժանահավատ են: