2013թ. առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի ծավալներն աճել են

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8 տոկոսով՝ կազմելով 667.7 մլն խմ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խմ, ինչը 1 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին հայտնում են «Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունից:

Նախորդ տարվա համեմատ նվազել են բնական գազի սպառման ծավալները 13,6 տոկոսով բնակչության եւ 8,8 տոկոսով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 229.5 մլն խմ եւ 83 մլն խմ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են գազի սպառման ծավալները 1,3 տոկոսով էներգետիկայի եւ 55,9 տոկոսով արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 78.7 մլն խմ եւ 69.3 մլն խմ: 15,3 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 97.2 մլն խմ: